ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Երևանի փոխքաղաքապետն ու ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալը քննարկել են քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններին վերաբերող ծրագրեր

Երևանի փոխքաղաքապետն ու ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալը քննարկել են քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններին վերաբերող ծրագրեր

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Նախանշվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հանդիպման ժամանակ:

Երկու կառույցներն իրականացվող նախագծերի շրջանակում քայլեր են ձեռնարկում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման, բազմաբնակարան շենքերում ջերմամեկուսացման, ֆոտովոլտային համակարգերի տեղադրման ու հասարակական շենքերի էներգաարդյունավետ վերակառուցման ոլորտներում: 

Կարևորելով էներգաարդյունավետությանը միտված համատեղ նախագծերը՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ դրանք ոչ միայն ապահովում են հարմարավետ միջավայր, այլև համայնքին հնարավորություն են տալիս զգալի տնտեսումներ անել: 

Շնորհակալություն հայտնելով հաջողված գործակցության համար՝ Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին նշել է, որ ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները լավ հիմք են նոր ծրագրեր նախաձեռնելու համար:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև հետագա ծրագրերի վերաբերյալ և նախանշել քայլերի հաջորդականությունը:

 

  • Կիսվել: