Երևանի մետրոպոլիտենի տեսանյութում երևացողը չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում. ԱՆ
Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նա նշել է, որ այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում։
«Հետևաբար, կոչ ենք անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու և գործընթացը լիարժեք կազմակերպելու համար։
Ավելին, առաջիկայում նախարարությունը հանդես կգա նման առաջարկությամբ և կներկայացնի այն ուղեցույցը, որի համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն ախտահանման աշխատանքները»,-գրել է Նիկողոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրվել, որին կից նշվել էր, որ վաղ առավոտից Երևանի մետրոպոլիտենի՝ «Բարեկամություն» և «Գարեգին Նժդեհ» կայարաններում հատուկ նյութերով ախտահանվում են բոլոր գնացքները: