Աջափնյակ թաղամասի դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. 14-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց
Երեկ հունիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում գործող դպրոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ աշակերտը դանակահարվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դպրոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը: Մինչ ոստիկանները կժամանեին դպրոց, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ ձախ զստափոսի շրջանում կտրած-ծակած վերք, ձախ նախաբազկի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ երեխա է տեղափոխվել:
Ոստիկանները պարզում են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել նշված դպրոցից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 25 հերթապահ խմբի կողմից: Մինչ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ ժամը 11:30-ի սահմաններում նշված դպրոցի տարածքում՝ հետնամասում, վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված երկու 14-ամյա տղաների միջև, որի ժամանակ 14-ամյա տղան իր մոտ եղած դանակով հարվածներ և մարմնական վնասվածքներ է պատճառել իր հասակակից տղային:
Մաշտոցի ոստիկաններն այնուհետև իրականացրել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են՝ որտեղ է գտնվում կասկածյալը և ծնողների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Ծնողները իրենց հետ բերել են նաև հանցագործության գործիք դանակը:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալն ու վիրավորը սովորում են Աջափնյակ վարչական շրջանում գործող տարբեր դպրոցներում: