երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Երևանի 37 անցումներում կտեղադրվեն հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ, կկառուցվի ևս մեկ վերգետնյա անցում

Երևանի 37 անցումներում կտեղադրվեն հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ, կկառուցվի ևս մեկ վերգետնյա անցում

Երևանում այս տարի նախատեսվում է կառուցել մեկ վերգետնյա անցում: Այս մասին այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց քաղաքապետարանի  տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը։

«Կառուցվելու է մեկ վերգետնյա անում: Այսպիսով Երևանում ունենալու ենք 31 վերգետնյա հետիոտնային անցում: Իրականացվելու են նաև 4 ստորգետնյա անցումների հիմնանորոգման աշխատանքներ, որոնք կնպաստեն երթևեկության անվտանգությանը»,-ասաց Գալստյանը:

Այս տարի նախատեսվում է Երևանում կատարել 577 հազար քառ. մետր ասֆալտապատման աշխատանքներ, 402 հազար գծամետր ճաքալցման աշխատանքներ:

Նա հայտնեց նաև, որ Երևանում այս տարի նախատեսվում է 37 անցումներ կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով: այս տարվա վերջին կլինեն ընդհանուր 57 հետիոտնային կանչի ռեժիմով կարգավորվող լուսացույցներ:  Շուրջ 80 վտանգավոր հետիոտնային անցումներ կկահավորվեն լեդ լույսերով, որոնք էլ ավելի անվտանգ երթևեկություն կապահովեն:

  • Կիսվել: