Երեխաների՝ գիշերօթիկներից ընտանիք վերադառնալու իրավունքի խոչընդոտները պիտի վերացվեն. Բաթոյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ դիմեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին՝ հարցնելով, թե ի՞նչ է նախատեսում անել կառավարությունն այն երեխաների հետ, որոնք գիշերօթիկ հաստատությունների փակման հետևանքով պետք է տուն վերադառնան։
Ի պատասխան՝ տիկին Բաթոյանը նշեց. «Գիշերօթիկներից ընտանիք վերադարձող երեխաների համար գործընկեր կազմակերպությունների հետ ծրագրեր են մշակվել, և այն խնդիրները, որոնք խոչընդոտում են նրանց ընտանիք վերադառնալու իրավունքին, պետք է վերացվեն»:
Ըստ նրա՝ սա առաջին հեթին պետք է դիտել որպես հնարավորություն՝ այդ ընտանիքների կենսամակարդակը բարելավելու ուղղությամբ, քանի որ իրենք նախատեսում են ընտանիքներին նյութական աջակցություն տրամադրել և բարելավել նրանց կենցաղային պայմանները։
«Ընտանիք կվերադառնան այն երեխաները, որոնց վերադարձը հնարավոր է, այսինքն՝ ռիսկային չեն համարվում»,-պարզաբանեց նա։
Աբովյանը հետաքրքրվեց, թե ինչ է լինելու այն անձնակազմի հետ, որն աշխատում է այդ հաստատություններում: Բաթոյանն ասաց, որ աշխատանքային խումբ է ձևավորվել, որպեսզի կարողանան նրանց ապահովել աշխատանքով։