ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Էդպես որ լիներ, բոլորս պետք է դանակը վերցնեինք, Աղազարյանին դանակահարեինք». Անդրանիկ Քոչարյանը՝ երեկվա միջադեպի մասին

«Էդպես որ լիներ, բոլորս պետք է դանակը վերցնեինք, Աղազարյանին դանակահարեինք». Անդրանիկ Քոչարյանը՝ երեկվա միջադեպի մասին

 

Նա նկատեց, որ ի պատիվ ուժային կայույցներին, բերվել էին շատ պատրաստված զեկույցներ կատարված աշխատանքի, թերացումների եւ դրանց հաղթահարման ուղիների հետ կապված:

Քոչարյանը դժգոհեց, որ լրատվամիջոցներն առանձնացրել են այդ քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ ՔԿ նախագահ Արգիշի Քյարամյանի միջեւ:

«Ես կարողացա այնպես կառավարել, որպեսզի ոչ թե չխորանա հակասությունը, այլեւ մտնենք բովանդակային փուլ»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում երեկ Արգիշտի Քյարամյանի վարքը, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ: ԱԺ-ն ամենաբարձր ներկայացուցչական մարմինն է: ԱԺ-ն հենց խոսելու տեղ է, որտեղ պետք է խոսել, լսել, բայց այնպես անել, որ անձնական հակադրությունների դաշտ չմտնենք»:

Նա հավելեց, որ ՔՊ խմբակցությունը դեռ չի քննարկել Քյարամյանի վարքը, բայց վստահություն հայտնեց, որ խմբակցությունն այս հարցերին անպայման անդրադարձ կունենա. «Ես չեմ կարող ասել՝ հետեւանք կունենա, թե ոչ: Եթե դուք նայեք օրենքները, կտեսնեք, թե քննարկումների հետ կապված ինչ քննարկումներ կարող են լինել եւ որոշումները որտեղ են կայացվում»:

Ճշտող հարցին՝ դատապարտելի՞ է համարում Արգիշտի Քյարամյանի վարքը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ընդհանրապես, նման կառույցի ղեկավարները բոլորը, հատկապես ուժայինները բարեվարքությունը պետք է պահեն: Վերջին հաշվով Աղազարյանը նաեւ տարիքով է մեծ: Դա նույն Աղազարյանն է, որ առավոտից իրիկուն մեզ էլ անհարմար վիճակների մեջ է դնում: Էդպես որ լիներ, բոլորս պետք է դանակը վերցնեինք, Աղազարյանին դանակահարեինք: Այդպես չի լինում: Պատգամավորն իր կարծիքն է հայտնել, երբեք չի կարելի պատգամավորին ենթարկել ճնշման իր տղայի հետ կապված քրեական ինչ-որ հոդվածների լեզվով: Դա չի կարելի:

Քյրամյանն առաջին անգամ էր գալիս նման լսումների, սա իր դեբյուտն էր, կարծում եմ՝ հաջորդ անգամ ավելի պատրաստ կլինի ԱԺ-ում շփումներին»:

Հարցին՝ հրաժարականի հիմքեր չի՞ տեսնում, եւ հնարավո՞ր է ստորագրահավաք սկսեն Քյարամյանի հրաժարականի պահանջով, նա պատասխանեց. «Հրաժարականների թեման ես չեմ: Ի՞նչ ստորագրահավաք: Այսինքն դուք ստորագրահավաքները դիտարկում եք որպես խարդավա՞նք: Ես չգիտեմ՝ որեւէ մեկը ստորագրահավաք նախաձեռնել է, թե ոչ: Բայց դրա կարիքը գուցե չկա էլ: Կոնֆլիկտի կողմերը կարող է գիտակցեն, որ սխալ բան է եղել: 

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում ուժայինների մասնակցությամբ լսումների ժամանակ իրավիճակը շիկացավ, բխվեցին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: Հովիկ Աղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ կալանքը կիրառվում է որպես ճնշման միջոց, նաեւ քննադատեց ՔԿ-ի եւ նրա նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքը:

  • Կիսվել: