երկուշաբթի, հուլիս 20
20 / 7 / 2026
ԵԱՏՄ–ում սկսում են ներդնել IMEI կոդերի ստուգման համակարգը. մանրամասներ

ԵԱՏՄ–ում սկսում են ներդնել IMEI կոդերի ստուգման համակարգը. մանրամասներ

Եվրասիական միությունը սկսում է ներմուծվող բջջային հեռախոսների IMEI կոդերի ստուգման համակարգ ներդնել։
 
Վերջերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (Եվրասիական միության գործադիր մարմին) ընդունած որոշման համաձայն՝ առայժմ այդ կոդերի ստուգումը ԵԱՏՄ իրավական դաշտում գրանցված է միայն Ղազախստանի և Ղրղզստանի համար, ընդ որում և՛ այն դեպքերում, երբ սպառողներն ինքնուրույն են հեռախոս ներկրում, և՛ էլեկտրոնային առևտրով պատվերի դեպքում (և՛ անմիջապես արտասահմանյան էլեկտրոնային հարթակներից, և՛ Եվրասիական միության տարածքում գտնվող պահեստներից)։
Այդ պահանջները կսկսեն կիրառվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից։
 
«Հաշվի առնելով ԵԱՏՄ տարածք ներմուծվող` բջջային կապի բաժանորդային սարքերի (այսինքն` հեռախոսների և պլանշետների) գրանցման և ստուգման անհրաժեշտության միտումները՝ կարծում ենք, որ IMEI կոդերի նշման անհրաժեշտությունը ժամանակի ընթացքում կտարածվի նաև ԵԱՏՄ մյուս երկրների վրա», - Sputnik Արմենիային հայտնեցին ԵԱՏՄ մաքսային օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի բաժնից։
ԵԱՏՄ մակարդակում IMEI կոդերի ստուգման պրակտիկան դեռևս ամրագրված է միայն Ղազախստանի և Ղրղզստանի համար, քանի որ այնտեղ այն արդեն կիրառվում է ազգային մակարդակով, Ղազախստանում՝ թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարարի հրամանի համաձայն, Ղրղզստանում՝ կառավարության որոշման համաձայն:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության որոշմամբ` Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների` IMEI կոդերի միասնական համակարգ կներդրվի։ Անհատների կամ ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսների ներմուծման դեպքում 2027 թ. հունվարի 1–ից կոդերը կգրանցվեն առցանց, և կսահմանվի պետական տուրք։
Ղազախստանի դեպքում երկիր առաջին անգամ ներկրվող բոլոր սարքերի IMEI կոդերը պարտադիր ստուգվում են երկու նպատակով։ Նախ` IMEI կոդերի հիման վրա ստուգվում է հեռախոսի իսկությունը (այսինքն` կեղծված է, թե ոչ)։ Այնուհետև IMEI կոդը ստուգվում է գողացված, արգելափակված կամ կորած սարքերի միջազգային տվյալների բազայում (GSMA)։ Միայն այն դեպքում, եթե հեռախոսը կամ պլանշետը «մաքուր» է և չի հայտնաբերվում այդ բազաներում, թույլատրվում է օգտագործել։ Հակառակ դեպքում սարքը ներառվում է «սև ցուցակում», և Ղազախստանի տարածքում հնարավոր չի լինի SIM քարտեր օգտագործել այդպիսի սարքում։
 
Նմանատիպ կանոններ են գործում նաև Ղրղզստանում։ Ներմուծված հեռախոսների կամ պլանշետների IMEI կոդերը պետք է մուտքագրվեն տվյալների բազա։
 
Նշենք, որ IMEI կոդերի ազգային գրանցման նախագիծն արդեն հաստատվել է Ռուսաստանում և կիրականացվի փուլերով՝ 2027 թվականի մարտի 1-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը։ Բջջային հեռախոսները, որոնց IMEI կոդերը չեն մուտքագրվել ազգային ռեեստրում, չեն կարողանա աշխատել ռուսական բջջային ցանցերում։

  • Կիսվել: