ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Belvédère de la Bohème՝ նոր հանրային տարածք Փարիզում՝ ի պատիվ Շառլ Ազնավուրի

Belvédère de la Bohème՝ նոր հանրային տարածք Փարիզում՝ ի պատիվ Շառլ Ազնավուրի

Շառլ Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, Փարիզում Սակր-Կյորի մոտակայքում բացվել է նոր հանրային տարածք՝ Belvédère de la Bohème-ը: Այս մասին տեղեկացնում է RFI-ն։

Նշվում է, որ այն նվիրված է մեծ շանսոնյեին և նրա (Belvédère de la Bohème) երգին, որի հերոսը Մոնմարտրում իր սիրելիի հետ ապրող չունևոր ուսանող-արտիստ է։

Մայրաքաղաքի 18-րդ թաղամասում Սեն-Վենսան և դե լա Բոն փողոցների խաչմերուկի փոքրիկ հրապարակը նոր անուն է ստացել։

Արարողությանը ներկա էին Փարիզի իշխանությունները՝ 18-րդ շրջանի քաղաքապետ Էրիկ Լեժուանդրը, Փարիզի քաղաքապետի հուշարձանների հարցերով տեղակալ Լորենս Պատրիսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը և երգչի որդին՝ Միշա Ազնավուրը։

Արարողությանը ելույթով հանդես են եկել դպրոցականներ, որոնք ամաչկոտ և մեղմորեն կատարել են Ազնավուրի բուռն «Emmenez-moi» երգը, իսկ կարճ արարողությունն ավարտվել է այն երգով, որի համար բոլորը հավաքվել էին Ազնավուրի 101-ամյակի առթիվ։

Երգը կատարել է երգչուհի Marcia-ն։ «Հավերժական երգի վերջին տողերը երգելով (որում Ազնավուրը պատմում է արտիստի երիտասարդության նկատմամբ կարոտի մասին, երբ նա՝ չունևոր, բայց երջանիկ, ապրում էր Մոնմարտրում, սիրում, արարւոմ և, իհարկե, այս դժվար տարիները համարում էր իր կյանքի ամենահիանալի տարիները), երգչուհին հիշեցրել է, որ նույնիսկ այսօր շատ արտիստներ շատ վատ են ապրում։

Եվ երգչուհին իր գլխարկը փոխանցել է հանդիսատեսին՝ կարիքի մեջ գտնվող արտիստների օգտին հանգանակության համար։

Մինչ մետաղադրամները թռչում էին գլխարկի մեջ, հյուրերը լուսանկարվում էին նոր ցուցանակի առջև կամ սելֆիներ անում Ազնավուրի բարեհամբույր որդու հետ, որն, իրավամբ, ժառանգության իրավունքով իր համար վերցրեց նոր փարիզյան անվան մեկ օրինակ՝ «BELVÉDÈRE DE LA BOHÈME Ça voulait dire «On est heureux» մակագրությամբ։

  • Կիսվել: