ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Բագրատյանը Պետրոսյանի խոսքերը մեկնաբանեց Սևակի բանաստեղծությամբ

Բագրատյանը Պետրոսյանի խոսքերը մեկնաբանեց Սևակի բանաստեղծությամբ

Ցանկացած երևույթի կարող ենք նայել դրական և բացասական լույսի տակ։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Աժ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Պարոն Ուլիխանյան, դուք տղամարդ եք, ձեզ չի սազում սպառնալ «կատոկի» տակ թողնել, փոս փորողը փոսն է ընկնում։ Պետք չէ այդ բառապաշարով ընդդիմության հետ խոսել։ Ցանկացած երևույթ կարող ենք նայել դրական և բացասական լույսի տակ, ես դասականի խոսքերով փորձեմ տարբերակել իմ գործընկերոջ խոսքերը երեք տառի մասին, օրինակ Սևակն ասում է «Դո՛ւ՝

երկու տառ,

Դո՛ւ՝

հասարա՜կ մի դերանուն,

Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով

Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…

Դո՛ւ՝

երկու տառ,

Ու ես, անգի՛ն,

Ինձանից ինքս վերանում`

Փոշիացած հերոսների

Ու ծնվելիք հանճարների

Դասակին եմ ընկերանում…»։ Ինչո՞ւ սա չեք նայում, որ այդ երեք տառը հասկանում եք ամեն մեկն իր քաղաքակրթական մակարդակով։ Տիկին Արփի Դավոյան, արժեհամակարգից եք խոսում, ինչու նման արժեհամակարգ չեք որդեգրել։ Դուք կին եք, լավ կլինի այդպես մտածեք, ոչ թե մտածեք անպայման դրա տակ եսիմ ինչեր, աշխարհացունց արտահայտություններ։ Եթե ինչ-որ մեկն ասում է՝ այստեղ այսպես-այնպես, նաև մեծն Սևակի խոսքերով ասեմ՝ ով սահմանում է նոր օրենք ու կարգ, հայտարարվում է և օրենքից դուրս։ Միշտ ունեցեք ձեր մտքում այդ վտանգը» ։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ տեղի ունեցավ: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաեւ այլ մարդկանց դեմ. «Երեք տառով բառ կա, նաեւ դրանց դեմ պետք է պայքարել»,-ասել էր Պետրոսյանը:

  • Կիսվել: