երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց աշխատող ուսանողների վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագծին

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց աշխատող ուսանողների վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագծին

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց  մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնելու նախագծին:

Նախագիծը հեղինակալ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանը։

Նախագծով սահմանվում է, որ այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավելի, քան ուսման վարձը:

Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է 3 փոփոխություն: «Նախագծով առաջարկվում էր, որ սույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից չեն կարող օգտվել ոչ ռեզիդենտ եկամտային հարկ վճարողները: Եղավ քննարկում, որ դժվար կլինի տարբերակել ոչ ռեզիդենտը և ռեզիդենտը: Ձևակերպումը փոխել ենք՝ սահմանելով, որ կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները: Սա կառավարության առաջարկությունն էր, ինչը մեզ համար ընդունելի է»,- ընդգծեց նա:

Նաև հետևյալ ձևակերպումն են արել՝ վարձու աշխատող հանդիսացող սովորող ուսանողը կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձից միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում նշվում էր, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը և տարածվում է  2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա, սակայն հիմա ձևակերպել են հետևյալ կերպ՝ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է  2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

  • Կիսվել: