ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Այն ամենաթողությունը, որն այսօր թույլ ենք տվել համացանցում, այլևս չի կարող շարունակվել. Արման Բաբաջանյան

Այն ամենաթողությունը, որն այսօր թույլ ենք տվել համացանցում, այլևս չի կարող շարունակվել. Արման Բաբաջանյան

Ազգային Ժողովում քննարկվում է «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձին պետական ստորաբաժանումների, հաստատությունների եւ անհատ ձեռներեցների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև առնչվող օրենքների նախագծերի փաթեթը։

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցները, որոնք գործունեություն են իրականացմնում զանգվածային լրատվական միջոցների ոլորտում, Միասնական պետական ռեգիստրից անվճար տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենան։

«Իմ  քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն անդրադառնալով փաթեթին՝ նշեց, որ հաճախ խուսափում են ԶԼՄ-ներին պատասխանատվության կանչելուց, քանի քանի որ խոսքի ազատության խնդրին բախվելու մտավախություն կա։:

«Մենք մշտապես մտածում ենք, որ խոսքի ազատության խնդիր կա, իսկ խոսքի ազատության ու պատասխանատվության սահմանը բավականին բարդ է: Երբ ԶԼՄ-ների հետ կապված հարց է լինում, խոսվում է մամուլի նկատմամբ ճնշումների մասին, իսկ երբ մամուլն է ճնշում, սուտ ու կեղծիք տարածում, մենք որևէ քայլ չենք անում, ինչը բերում է թողտվությամբ»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ կան լրատվամիջոցներ, որոնք թերթելիս հասկանում ես՝ մաղձ է թափվում. «Երբ խոսվում է երկրում ատելության մթնոլորտի մասին, հենց այդ մամուլի միջոցներն են այդ ատելությունը տարածում, դա չի անում իշխանությունը կամ ընդդիմությունը, դա անում են մամուլի միջոցները՝ կոնկրետ պատվերով նպատակի համար»:

Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ օրինագծեր պետք է բերվեն, որոնք կստիպեն մամուլին թափանցիկ, պատասխանատու ու հաշվետու լինել. «Եթե մամուլը չեղավ թափանցիկ ու հաշվետվողական, նա իրավունք չունի դա պահանջել որևէ մեկից»:

Արման Բաբաջանյանն էլ ներկայացնելով իր դիրքորոշումը նշեց, որ նախ պետք է հասկանալ` ով է լրատվամիջոցը, ում են համարում լրատվամիջոց. «Եւ այն ամենաթողությունը, որն այսօր թույլ ենք տվել համացանցում, ուղղակի այլևս չի կարող շարունակվել»։

Պատգամավորի խոսքով՝ խոսքի, մամուլի ազատությունը ենթադրում է պատասխանատվություն, իսկ այն, ինչ կա լրատվադաշտում ՝ ուղղակի տեղեկատվական պատերազմ ու գրոհ է պետության, պետականության հիմնասյուների դեմ։ «Եթե մենք իրերը վախենում ենք իրենց անուններով կոչել, կարծում եմ, որ հենց սրանից են օգտվում հակառակորդները՝ պետության ներքին թշնամիները, և այստեղ հատու միջոցներ են պետք»,- ընդգծեց նա։

Արման Բաբաջանյանը միաժամանակ նշեց, որ չի կարծում, թե ԶԼՄ-ների իրական սեփականատերերի բացահայտումը կլուծի այս խնդիրը։

Պատգամավորը կարևորեց այսպես կոչված` ֆեյքերի, այլ երկրներում գրանցված դոմեյների բացահայտումը:

  • Կիսվել: