երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ավելի հակված ենք նրան, որ երեխուն տարել են. 2-ամյա Տիգրանի հայր

Ավելի հակված ենք նրան, որ երեխուն տարել են. 2-ամյա Տիգրանի հայր

Մայիսի 4-ին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում անհետացած 2-ամյա Տիգրանի  հայրը՝ Արթուր Մանուկյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում կիսվել է որդու անհետացման դեպքի վերաբերյալ իր մտահոգություններով։

Նրա խոսքով, չնայած փրկարարները ջանքեր են գործադրում՝ որոնելով Տիգրանին Մարմարիկ գետում և  ՀՀ այլ տարածքներում,  մինչ այժմ որևէ հետք չի հայտնաբերվել։

«Կատու են հանել, շուն են հանել, գառ են հանել, հորթ են հանել, շուն են հանել, բայց փաստն այն է, որ երեխան չկա ու չկա։ Ոչ մի վարկած էլ չեմ բացառում։ Կարող է տարել են։ «Կարող ա»-ն ո՞րն է, էսօր հակված ենք նրան, որ ավելի շատ երեխուն տարել են»,-  ասել է հայրը։

Միաժամանակ նա նշել է, որ թշնամի չունի, որևէ մեկին չի կասկածում, որ կարող էր նման բան անել։ Որոնումներ կատարվել են բոլոր հնարավոր ու անհնար տեղերում։

«Մարմարիկի չէ, երևի Հայաստանի տարածքում նման բան չի եղել է, որ էս ծավալի աշխատանքներ իրականացվեն ու ոչ մի հետք չգտնեն»,- ասել է Տիգրանի հայրը։

Նա նաև խնդրանքով է դիմել հայրենակիցներին։ Իրենք որևէ դրամահավաք չեն նախաձեռնել, ոչ մի հաշվեհամար չեն բացել, դրա անհրաժեշտությունը չկա։

«Եթե պետք լինի, ես  անձամբ կդիմեմ որևէ լրատվականի միջոցով։ Մի հավատացեք ոչ մեկի, փող մի փոխանցեք։ Նման պիղծ մարդ չեմ տեսել։  Իրենց չեմ ցանկանա այն ցավը, որը ես ապրում եմ»,-ասել է Տիգրանի հայրը։

  • Կիսվել: