երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Աշխատանքային քննարկում ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու տուժած անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ

Աշխատանքային քննարկում ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու տուժած անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որի առանցքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի և Զարուհի Բաթոյանի հեղինակած ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն էր։ Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ՀՀ նախարարությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի տեղեկացմամբ հեղինակներն առաջարկում են փոփոխություններ և լրացումներ կատարել վեց օրենքներում և օրենսգրքերում։ Հեղինակներն ակնկալում են, որ առաջարկվող փոփոխությունների և լրացումների ընդունմամբ կապահովվի ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի առավել արդյունավետ և զոհակենտրոն դեպքերի քննությունը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի պաշտպանության նպատակով կիրառվող միջոցների անընդհատականությունը, ինչպես նաև կբացառվի ընտանեկան բռնության ավելի մեղմ դեպքերում քրեական հետապնդման չիրականացումը։

Նախագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանը նշել է, որ, մասնավորապես, օրենքից առաջարկվում է հանել այն դրույթները, որոնք ընտանեկան բռնության դեպքերը կանխարգելելու տեսանկյունից կիրարկման ընթացքում ցույց են տվել իրենց անարդյունավետությունը։ Բացի այդ՝ առաջարկվում է նաև Քրեական օրենսգրքում ամրագրել հոդվածներ, որոնք առնչվում են ընտանեկան բռնության դեպքերին։

Քննարկման մասնակիցները բարձրաձայնել են այն հարցերը, որոնք, ըստ իրենց, լուծման կարիք ունեն։

Ծովինար Վարդանյանը քննարկման մասնակիցներին հորդորել է ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք հեղինակները կդիտարկեն։

  • Կիսվել: