Արտակարգ իրավիճակ․ Աստվածընկալ եկեղեցու ճանապարհին տեղի է ունեցել փլուզում
Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հորդառատ անձրևի պատճառով Արագածոտնի մարզից դեպի Կոտայքի մարզ՝ Շենավան-Արագյուղ տանող ճանապարհի մոտ 16 մետր երկարությամբ՝ ժողովրդին հայտնի Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ, ճանապարհի փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ճանապարհի փլուզման հետևանքով երկաթե արգելապատնեշները հայտնվել են ձորում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, իբրև պաշտպանիչ պատնեշ կապել են ոստիկանական ժապավենով, իսկ ժամանած ճանշինը մոտ 50 մետր երկարությամբ տարբեր հատվածներում տեղադրել է քարեր։
Կա վտանգ, որ ամեն պահի, հնարավոր է, ճանապարհի փլուզումը շարունակվի: Իսկ այդ հատվածով տրանսպորտային միջոցների շարժը բավականին շատ է, այդ թվում՝ բեռնատարների մասնակցությամբ։


