չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Առողջական խնդիրներ ունեցողները հնարավորություն ունենալու են այցելել հիվանդանոցներ կամ պոլիկլինիկաներ. Ավինյան

Առողջական խնդիրներ ունեցողները հնարավորություն ունենալու են այցելել հիվանդանոցներ կամ պոլիկլինիկաներ. Ավինյան

Այն մարդիկ, որոնք իրավունք ունեն գտնվելու աշխատավայրում, անպայման ունենալու են հնարավորություն այցելել աշխատանքի վայր: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մինչեւ մարտի 31–ը տեղաշարժի առումով գործող խիստ սահմանափակումներին։

Նա նշեց, որ, այնուամենայնիվ, այդ անձինք իրենց հետ պետք է ունենան անձնագիր կամ այլ անձը հաստատող փաստաթուղթ:

Ավինյանն ասաց. «Պետք է լինի նաեւ մի ձեւաթուղթ, որում նշված կլինի, թե անձը ուր է գնալու, որ ժամին է գնալու, այդ այցելության վայրի հասցեն, անվանումը, նպատակը եւ վերադարձի ակնկալվող ժամը»։

Պարետը նշեց, որ հնարավորություն կլինի նաեւ առեւտրի կետեր եւ բուժհաստատություններ այցելելու համար. «Դեղատներ, սննդի օբյեկտներ, նույնիսկ գյուղատնտեսական շուկաներ... Եւ առողջական խնդիրներ ունեցող անձինք անպայման հնարավորություն ունենալու են այցելել հիվանդանոցներ կամ պոլիկլինիկաներ»։

Քաղաքացիները այս որոշմանը կարող են ծանոթանալ  կառավարության պաշտոնական կայքէջում։

  • Կիսվել: