Արմեն Գրիգորյանը մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային տոնի կապակցությամբ։
«Հարգելի կանայք,
Շնորհավորում եմ կանանց իրավունքների պաշտպանության օրը։ Հայաստանի քաղաքական կյանքում կանանց ներգրավվածությունը աճում է, բայց դեռ ցանկալի արդյունքը չունենք։ Կարևոր է նաև կանանց ներգրավումն անվտանգության համակարգում, որը միանշանակ կբարձրացնի մեր դիմակայունության կարողությունները։
Այսօր Հայաստանում կանայք առաջնորդում են Ազգային անվտանգության ռազմավարության ձևավորումը, մասնակցում են անվտանգության նոր համակարգերի կերտմանը, ձևավորում են Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունները խաղաղ և ռազմական դրության ժամանակ արդյունավետ կառավարում իրականացնելու համար։ Այս և բազմաթիվ այլ օրինակներ ոգեշնչող են ու հույս են տալիս, որ կանայք իրենց երազանքներով փոխելու են մեր իրականությունը»,- ասված է ԱԽ քարտուղարի ուղերձում։