չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ

Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ

Արդեն նույնիսկ անունն եմ որոշել՝ Անգել։ Նա իսկական հրեշտակ է: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է նորածնին գտած երիտասարդը:

«Երեկ էլ եմ գնացել տեսնելու։ Նոր հագուստ եմ գնել, նորածնին անհրաժեշտ բոլոր պարագաներն եմ տարել։ Հիմա էլ եմ գնում հիվանդանոց։ Ասացին՝ մոտ 20 օրից դուրս կգրեն, և ես արդեն դրան եմ պատրաստվում»,- պատմեց նա։

Նարեկի ընտանիքում, սակայն, այս պահին երեխային որդեգրելու հարց չի քննարկվում։ Նա ունի 4-ամյա որդի։ Նրա կինը ևս ցանկանում է, որ ընտանիքը հնարավորինս աջակցի փոքրիկին և տեր կանգնի նրան, սակայն, ինչպես Նարեկն է ասում, որդեգրման մասին որոշում կայացնելու համար կինը դեռ հոգեբանորեն պատրաստ չէ։

«Այդ հարցը չենք քննարկում։ Հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք երեխա չունեն և հերթագրված են որդեգրման համար։ Եթե կա ընտանիք, որը երկար տարիներ սպասում է երեխայի, կարծում եմ՝ պետք է այդ հանգամանքն էլ հաշվի առնել։ Մենք մեր կողմից պատրաստ ենք անել ամեն ինչի, որպեսզի Անգելը խնամված լինի և իրեն երբեք միայնակ չզգա»,- ասաց Նարեկը։

Նրա խոսքով՝ փոքրիկի պատմությունն իրեն խորապես հուզել է, և այժմ իր համար ամենակարևորն այն է, որ աղջիկը առողջ մեծանա և հնարավորինս շուտ հայտնվի ապահով սիրող միջավայրում։

«Ես նրան չեմ կարող ուղղակի թողնել ու հեռանալ։ Ինչքան կարող եմ, օգնելու եմ։ Թող կյանքը որոշի՝ հետո ինչ ճանապարհով է ամեն ինչ դասավորվելու»,- ասաց Նարեկ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Հալաբյան 13 հասցեում հայտնաբերված աղջկա կենսաբանական ծնողների մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։ Իրավապահ մարմինները դեռևս չեն պարզել, թե ինչ հանգամանքներում է նորածինը հայտնվել շենքի բակում և ով է նրան այնտեղ թողել։

  • Կիսվել: