շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների, բարձրախոսների, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների տեղադրումը

Առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների, բարձրախոսների, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների տեղադրումը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Ալեն Սիմոնյանը, Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանն ու Արուսյակ Ջուլհակյանն առաջարկում են լրացում կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և փոփոխություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Օրենսդրական փաթեթը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի նիստում քննարկման է ներկայացել Սերգեյ Բագրատյանը: Զեկուցողը նշել է, որ մեքենաներում հնչող երաժշտությանն ու խլացուցիչների բարձր ձայնին առնչվող հարցերը չեն կարգավորվում որևէ օրենքով: Շատ հաճախ մեքենաներից հնչող բարձր երաժշտությունը և խլացուցիչների ձայնը խանգարում են հասարակական անդորրը և բարձրացնում աղմուկային աղտոտումը: Օրենսդրական փաթեթի ընդունումը, ըստ զեկուցողի,  ուղղված է այդ խնդրի լուծմանը: Պատգամավորներն առաջարկում են արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների և բարձրախոսների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների տեղադրումը:

Առաջարկվում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել վարչական տույժ, և այն կիրառել օրենքը խախտող քաղաքացիների նկատմամբ: Տուգանքն առաջարկվում է նշանակել սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ինչպես նաև կիրառել տուգանային երկու միավոր:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում օրենսդրական փաթեթը, սակայն կան որոշ խնդիրներ առաջարկվող ձևակերպումների հստակեցման առումով: Փոխնախարարն առաջարկել է մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատել հեղինակների հետ՝ նախագծերն իրագործելիության տեսանկյունից լավարկելու և ձևակերպումներն առավել որոշակի դարձնելու համար:

Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Հանձնաժողովն առաջարկել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

 

  • Կիսվել: