Անգամ Շումախերը խախտում կաներ. Զոհրաբյան
ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ մինչեւ բալային համակարգը ներդնելը անհրաժեշտ էր նախ լուծել Երեւանի փողոցների կահավորման եւ կենտրոնի բեռնաթափման խնդիրը: Այս մասին նա ասաց այսօր՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Ճանապարհային երթեւեկության արդիական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
Զոհրաբյանն ասաց. «Կողմնակից կլինեմ, որ արբած ղեկին նստելու դեպքում պատժաչափը, որ սահմանված է օրենքի նախագծով, շատ ավելի խստացվի, կողմ կլինեմ, որ մենք քվեարկենք անգամ արբած ղեկին նստելու դեպքում, միտումնավոր արագություն գերազանցելու դեպքում ընդհուպ քրեական պատասխանատվության հարցը: Բայց երբ ունենք չկահավորված փողոցներ, երբ բացարձակապես հաշվարկված չեն քաղաքի ճանապարհային առանձնահատկությունները.... Թամանյանը այստեղ լիներ, մազերը բիզ-բիզ կկանգնեին. քաղաքը նախատեսված չէ այսքան մեքենաների համար: Սա շատ պարզ է, եւ անգամ Շումախերը լիներ, ուղղակի չէր կարողանալու այնպես անել, որ ոչ միտումնավոր որեւէ խախտում չաներ»:
Նա ասաց նաև, որ այստեղ հարկավոր է շտկումներ անել՝ հետեւելով միջազգային փորձին: