Անդրադարձ է կատարվել սննդամթերքի անվտանգության ոլորտում խախտումների հայտնաբերման մեխանիզմներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը բխում ՀՀ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրից: Զեկուցվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, առողջ բնակչության, շուկայի ընդլայնման ու արտահանման աճի, արտադրողականության բարձրացման, ներդրումների ավելացման և սոցիալական կայունության, տնտեսական աճի ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Մասնավորապես, դրանք միտված են եղել օրենսդրության կատարելագործման, գիտականորեն հիմնավորված քաղաքականության մշակման, որակի և անվտանգության կառավարման համակարգերի ներդրման, ինստիտուցիոնալ, այդ թվում՝ լաբորատոր կարողությունների հզորացման, հետագծելիության ապահովմանը:
Անդրադարձ է կատարվել սպանդանոցային գործունեությանը, նշվել է, որ իրականացվել են սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների համար նախատեսված տարբեր ծրագրեր: Տեղեկատվություն է ներկայացվել 2024-2025 թթ․ ընթացքում ՍԱՏՄ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ: Իրականացվել են նաև գյուղատնտեսական կենդանիների պատվաստման, կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ծրագրեր: Մանրամասներ են ներկայացվել առանձնացված դարակաշարերով կաթնամթերքի վաճառքի, կերային հավելումների պետական գրանցման և ռեեստրի վարման հետ գործընթացների վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սննդամթերքի անվտանգության ոլորտում խախտումների հայտնաբերման և արձագանքման մեխանիզմներին, վերջիններիս արդյունավետությանը, սպանդանոցային գործունեության հետ կապված օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև անասնաբուժական ծառայությունների բարելավմանը և կարողությունների զարգացմանը:
Քննարկված հարցերի շրջանակում վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ: