Ամենաթոփ մակարդակի հիվանդանոցներում բժիշկները դիմակը տանում են, տանը լվանում, գիշերը բալկոնից կախում, որ առավոտը նորից օգտագործեն. Փաշինյան
Մեզ էսօր ամբիոնների մոտ կանգնացնում եք, ասում եք՝ դիմակ չկա, դիմակը թանկացել է։ Դուք դիտե՞ք՝ էսօր աշխարհի ինչ երկրներում դիմակ չկա։ Ամենաթոփ մակարդակի հիվանդանոցներում բժիշկները դիմակը տանում են, տանը լվանում, գիշերը բալկոնից կախում, որ առավոտը նորից օգտագործեն: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավորներից մեկի այն հարցին, թե Հայաստանն ունի՞ երկարաժամկետ ռազմավարություն կորոնավիրուսային համաճարակի պայմաններում։
Վարչապետն առանց անվանական օրինակների ասաց, որ աշխարհի ամենաառաջատար պետությունները ավելի խոր խնդիրներ ունեն, քան Հայաստանը։ Նա նշեց. «Փողոցում ծառերի տակ մահճակալներ են դրած և սիստեմաներ են միացրած, փողոցում՝ ծառերի տակ՝ հիվանդանոցների մերձակա այգիներում։ Նման բան Հայաստանում լիներ, պատկերացնո՞ւմ եք՝ էս դահլիճում ինչեր կկատարվեին»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանն ասաց, որ իրեն ուղղված հարցերից իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ աշխարհը շարունակում է հանգիստ ապրել-արարել, և միայն Հայաստանում է կորոնավիրուսային սպառնալիքը կանգնեցրել արտադրությունները։
«Ինձ մոտ տպավորություն է, թե … Հիմա ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը»,- «Մկների ժողովից» մեջբերում արեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, նա ասաց, որ մի քանի կարգավորումներ են ընդունելու վաղվա գործադիրի նիստում, որոնցով խրախուսելու են բիզնեսներին աշխատավարձ վճարել աշխատողներին, ինչպես նաև օգնություն են տրամադրելու աշխատանքը կորցրած ծնողների երեխաներին։ Վերջին դեպքում այդ օգնությունը ամսական 100 հազար դրամ է լինելու։