երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Աղետի գոտու տնտեսվարողներին որոշակի հարկային պարտավորություններ կզիջվեն․ Սանոսյան

Աղետի գոտու տնտեսվարողներին որոշակի հարկային պարտավորություններ կզիջվեն․ Սանոսյան

Պետությունն աղետի գոտու տնտեսվարողներին և բնակիչներին որոշակի աջակցություն կցուցաբերի ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար։ Այս մասին այսօր Ալավերդու համայնքապետարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Կզիջվեն որոշակի հարկային պարտավորություններ, որոշակի ֆինանսական աջակցություն կցուցաբերվի, փոխհատուցումներ, արտոնյալ ծրագրեր կլինեն, օրինակ՝ գյուղատնտեսական, հեկտարներով այգիներ են վնասվել»։

Սանոսյանը հավելեց, որ արդեն իսկ տարբերակներ քննարկվում են, սակայն այս պահին դեռ հստակ որոշումներ չկան։ Նախարարը նշեց՝ վնասները դեռևս գույքագրվում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով չորս մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի:

  • Կիսվել: