Ադրբեջանում պահվող Գևորգ Սուջյանի հարցով ես ավելի համառ ձևով եմ զբաղվում․ Ալեն Սիմոնյան
Ադրբեջանում պահվող Գևորգ Սյուջյանի հարցով ես ավելի համառ ձևով եմ զբաղվում, որովհետև ինքը զինվորական չէ և չի կարող որևիցե բանի մեջ մեղադրվել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների հետ կապված հարցին:
«Դա պրոցես է, որի մասին խոսելը օգուտ չի բերի գործընթացներին։ Ադրբեջանում կա 23 գերի, որից 11-ը ռազմաքաղաքական ղեկավարներն են, մնացածը՝ տարբեր ժամանակահատվածներում վերցված մարդիկ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ գերիների հետ կապված հարցը քննարկելիս Ադրբեջանը իրեն շատ բացասական է դրսևորում․ «Ես Ադրբեջանի գործընկերոջս հետ բարձրաձայնել եմ այդ հարցը ու համարում եմ, որ եթե ադրբեջանական կողմը ուզում է, որ պառլամենտական մակարադակում այն խոսակցությունը, որը իրենք ուզում են արդյունավետ լինի, կարողանա մեր գերիներին հնարավորինս արագ հետ բերել»։
2020 թ․ նոյեմբերին՝ պատերազմի ավարտից հետո, Լաչինի միջանցքի տարածքում գերեվարվել էին երկու քաղաքացիական անձինք՝ Գևորգ Սուջյանը և Դավիթ Դավթյանը։
Վերջիններս Արցախ ուղևորվում էին աջակցություն տանելու նպատակով։ Սուջյանը «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահն է։ Երկու քաղաքացիական անձինք դատապարտվել են 15 տարվա ազատազրկման՝ զենքի ապօրինի պահման, սահմանի ապօրինի հատման և լրտեսության մեղադրանքով։