Բագրատ Սրբազանը և քաղաքականությունն ու իրավունքը իրարից հազարամյակներով, կիլոմետրերով հեռու են. Ալեն Սիմոնյան
Ընդդիմության այսօրվա հայտարարությունները եւս մեկ հակահայկական պնդումներ են, որովհետեւ դա նշանակում է հայտարարել, որ Հայաստանը սահման չունի: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա կոչ արեց լրագրողներին ընդդիմադիր գործիչներին հարցնել, թե ո՞րն է Հայաստանի իրենց պատկերացրած սահմանը:
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի ասածին, թե որտեղ կանգնած է զինվորը, դա էլ մեր սահմանն է, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Լավ, իսկ դա արդյո՞ք նշանակում է, որ վաղը, եթե ասենք ընդհարում լինի, որը շատ հնարավոր է, Ադրբեջանի և Հայաստանի զորքերի միջև, ադրբեջանական զորքը գա Աննա եկեղեցու դռան դիմաց կանգնի, Բագրատ Սրբազանը դա ասելու է։
Բագրատ Սրբազանը և քաղաքականությունն ու իրավունքը իրարից հազարամյակներով և կիլոմետրերով հեռու են։ Գոյություն ունի սահման, որը մենք քննարկում ենք։ Ինչի՞ ենք մենք տարեթվերից խոսում, այլ ոչ թե ինչ-որ վերացական քարտեզ վերցնում, որովհետև դրանց տակ կան իրավական հիմքեր, որը նաև Ադրբեջանի կողմից է հաստատված։ ՀՀ սահմանն այն սահմանն է, որով ՀՀ-ն անկախացել է:
Մեր իշխանությունն ամեն ինչ անելու է, որ այն, ինչ պատկանում է Հայաստանին, վերադառնա Հայաստանին, եւ այն, ինչ պատկանում է Ադրբեջանին, վերադառնա Ադրբեջանին՝ հավասարության սկզբունքով»: