38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին գլխիվայր հայտնվել է փոսում. կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մինաս Մ.-ն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 41-ամյա Ա. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տաթևիկ Ռուստամյանն ու Արթուր Մեջլումյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: