Վլադիմիր Վարդանյանը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության գործով ՍԴ որոշման մասին
ՍԴ-ն տվել է որոշակի չափորոշիչներ, որով պետք է առաջնորդվեն իրավակիրառները գույքը իդենտիֆիկացնելու և այն սուբյեկտներին իդենտիֆիկացնելու, որոնք ընկնում են այս օրենքի ազդեցության ներքո: Այդ մասին ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի գործով ՍԴ որոշմանը:
Ինչ վերաբերում է ՍԴ որոշման հետ կապված բողոքներին՝ ապա Վլադիմիր Վարդանյանը նշեց հետևյալը.
«Անձը ապօրինի ձեռք բերած գույքը ձգտում է պաշտպանել բոլոր հնարավոր միջոցներով: Ես բազում դեպքերում ասել եմ, հիմա էլ պետք է ասեմ՝ ես զարմանում եմ և շարունակելու եմ զարմանալ մեր ընդդիմադիր այն գործընկերների վարքագծի վրա, որոնք ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքն ամբողջությամբ՝ սկսած սահմանումներից` ավարտած եզրափակիչ և անցումային դրույթներով, վիճարկել էին ՍԴ-ն՝ ըստ էության, այդ ինստիտուտը որպես այդպիսին»:
Ինչպես արդեն հայտնել ենք, Սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, հրապարակել է վերոնշյալ գործով որոշումը, որը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում: