հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Ուսումնասիրում ենք միջազգային փորձը, որպեսզի ինքնավնասման հակվածություն ունեցող անձանց խցերում տեղադրենք տեսախցիկներ. Սրբուհի Գալյան

Ուսումնասիրում ենք միջազգային փորձը, որպեսզի ինքնավնասման հակվածություն ունեցող անձանց խցերում տեղադրենք տեսախցիկներ. Սրբուհի Գալյան

Ինչպես գիտեք, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պայմանները բարելավվել են, և նոր մասնաշենք է բացվել: Մոտ ապագայում անազատության մեջ գտնվող, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք նաև կտեղափոխվեն «Նուբարաշեն»՝ համապատասխան պայմաններում ըստ էության իրենց պատիժը կրելու: Այս առումով, կարծում ենք,  որ այդ քայլն առաջանցիկ քայլ է անձանց պատշաճ բժշկական սպասարկումն ապահովելու տեսանկյունից: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Ինչ վերաբերում է ՔԿՀ-ում գրանցվող բնական մահերին ու ինքնասպանությունների դեպքերին, նախարարը հավաստիացրեց՝ բոլոր դեպքերն ուսումնասիրվում են:

«Ես չեմ ուզի դեպքերն անհատականացնել, բայց կարծես թե այս պահի դրությամբ առկա տվյալներով՝ բոլոր դեպքերը կապված են հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ունեցող անձանց հետ, այսինքն՝ այդ անձինք հակված են եղել ժամանակին ինքնավնասման: Ես ուզում եմ ազնիվ լինել՝ որքան էլ մենք փորձում ենք հետևել, որպեսզի այդ ինքնավնասումները ճակատագրական ելքի չհանգեցնեն, երբեմն չենք հաջողում այդ աշխատանքում: Այդ է պատճառը, որ հիմա ուսումնասիրում ենք միջազգային փորձը, որպեսզի նմանատիպ հակվածություն ունեցող անձանց խցերում տեղադրենք տեսախցիկներ»,- հայտնեց նա՝ տեղեկացնելով, որ դա լինելու է նորամուծություն:

Նախարարի խոսքով՝ այդ երևույթի դեմ այլ կերպ պայքարել պարզապես հնարավոր չէ:

«Սա քայլերից մեկն է, որ նախատեսում ենք անել, որպեսզի նմանատիպ անձանց կյանքի իրավունքը կարողանանք ապահովել»,- ասաց Գալյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք դա անձնական տարածքի ներխուժո՞ւմ չէ, նախարարը տվեց բացասական պատասխան, ընդգծեց՝ պետք է գտնել ճիշտ բալանսավորում, և այն դեպքում, երբ վտանգը սպառնում է անձի կյանքին, գուցե հնարավոր են որոշակի սահմանափակումներ: 

Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներում գրանցվող մահվան դեպքերին, նախարարը խոստովանեց՝ եթե խոսում ենք վիճակագրական թվերի մասին, իրականում դեպքերն ավելացել են:

«Ունենք դեպքերի աճ: Գուցե դա պայմանավորված է նրանով, որ որոշակի խումբ անձինք ավելի շատ են այս պահի դրությամբ գտնվում անազատության մեջ, քան նախկինում էր: Բայց սա պատասխան չէ, կարծում եմ, և մենք այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տանենք»,- նշեց Սրբուհի Գալյանը:

Նրա խոսքով՝ այդ նպատակով կատարվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հաշվառում՝ նրանց հետ անհատական աշխատանք կատարելու նպատակով:

  • Կիսվել: