չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ուսուցիչների մասնագիտական արժանապատվությունը պետք է հարգված լինի. Անահիտ Մանասյան

Ուսուցիչների մասնագիտական արժանապատվությունը պետք է հարգված լինի. Անահիտ Մանասյան

Ինձ համար սա միանշանակ անթույլատրելի է: Սա մեկ դեպք է, որը ստացավ հանրային հնչեղություն, բայց մենք պարբերաբար դիմում-բողոքներ ենք ստանում նաև այլ դեպքերի և այլ իրավիճակների հետ կապված, որոնք մեզ համար միանշանակ անթույլատրելի են, մասնավորապես ուսուցիչների արժանապատվությունը պետք է հարգված լինի, նաև մասնագիտական արժանապատվությունը:

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպին:

ՄԻՊ-ի խոսքով՝ այս բոլոր իրավիճակներում պետք է կարողանանք երաշխավորել երեխաների լավագույն շահը: Խոսքը, մասնավորապես, երեխաների մասնակցությամբ տարբեր սոցհարթակներում տարածվող տեսանյութերի մասին է:

«Անկախ նրանից, թե երեխան ինչ է ասում, ինչպիսի վարքագիծ է դրսևորում, անընդհատ թիրախավորվում է, և սա, կարծում եմ՝ մեր բոլոր՝ թե՛ սոցցանցերի օգտատերերը, թե՛ ԶԼՄ-ները պետք է հաշվի առնեն տարբեր տեսակի հրապարակումներ կատարելիս»,- նշեց ՄԻՊ-ը՝ ընդգծելով, որ այս ոլորտում բարեփոխումները ոչ թե կոնկրետ մեկ դեպքով պետք է լինեն կամ կոնկրետ դեպքի հասցեավորմամբ, այլ պետք է գնալ ամբողջական համակարգային բարեփոխումների:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների կողմից պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ ատելության խոսքի լայն տարածմամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտել էր Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։

  • Կիսվել: