- հուլիս 20, 2026 17:45
Թումանյանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են աճեցրած կանեփ ու կակաչ, դրանցից պատրաստված թմրամիջոցներ
Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բացահայտել են կանեփ և կակաչ աճեցնելու, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքեր։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք ստացել էին տեղեկություն, որ Սանահին կայարանի բնակիչ 66-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ, նաև՝ աճեցնում կանեփ։
Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա բնակության վայրում հայտնաբերվել է ընդհանուր 250 գրամ դեղնականաչավուն զանգված, իսկ բակում՝ մշակած կանեփի 53 թուփ։
***
Նմանատիպ մեկ այլ տեղեկության հետքով Թումանյանի համայնքային ոստիկանները մեկնել են Աքորի գյուղ։ Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 74-ամյա տղամարդու բնակության վայրում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, ափիոնի նմանվող 30 գնդիկ, 442 գրամ ընդհանուր քաշով խաշխաշի գլխիկ, խաշխաշի 39 ծղոտ, կակաչի սերմ և կակաչի 359 թուփ։
Երկու դեպքով էլ տանտերերը հայտնել են, թե հայտնաբերված թմրամիջոցներն անձնական օգտագործման համար են։
Հանգամանքները պարզվում են։



