երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Տրանսպորտից օգտվելիս չվճարող և նույնականանալ չցանկացող քաղաքացին կարող է վարչական ձերբակալության ենթարկվել

Տրանսպորտից օգտվելիս չվճարող և նույնականանալ չցանկացող քաղաքացին կարող է վարչական ձերբակալության ենթարկվել

Քաղաքացուն տուգանելու թեման բավականին բարդ և խնդրահարույց է: Եթե քաղաքացին չի ներկայացնում փաստաթղթեր, որպեսզի տուգանքը գրվի, հսկիչը քաղաքացուն պետք է զննության կամ խուզարկության ենթարկի, ինչպե՞ս է դա անելու: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 1-ի նիստին տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարողների համար տուգանք սահմանելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը՝ խոսքն ուղղելով հիմնական զեկուցող, ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին:

«Պատկերացնո՞ւմ եք՝ հսկիչը փողոցում չվճարած քաղաքացու հետևից ընկնի և փորձի գրպանները ստուգել, թե ինչ կա կամ չկա գրպանում»,- ասաց պատգամավորը՝ նկատելով, որ գործընթացը բարդացվել և խստացվել է:

Պատգամավորը տեղեկացրեց, որ այս հարցը քննարկվել է նաև հանձնաժողովի նիստի ժամանակ, առաջարկ է եղել վերանայելու որոշ դրույթներ. «Եթե քաղաքացին տեխնիկական կամ չգիտեմ ինչ պատճառներով չկարողանա վճարել, պետք է ձեր հսկիչն ընկնի այդ քաղաքացու հետևից քաղաքով մեկ, բռնի, որպեսզի խուզարկի կամ ջեբերը մտնի, որ տեսնի՝ այդ մարդու մոտ կա՞ անձնագիր, թե՞ չէ»:

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պարզաբանեց՝ վարչական վարույթի առանձնահատկություն է սահմանված, որի դեպքում երբ քաղաքացին չի պատրաստվում վճարում անել և չի պատրաստվում նույնականացվել, ապա օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում կարող է նաև վարչական ձերբակալության ենթարկվել և համապատասխան ընթացակարգերի կիրառմամբ կրել վարչական պատասխանատվություն:

«Ցանկացած գործողություն, որ պետք է իրականացվի համապատասխան մարմինների կողմից, կարող է բողոքարկվել վարչական վարույթի շրջանակներում, իսկ դրանից հետո՝ դատական կարգով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է նախագիծ, համաձայն որի՝ վարչական պատասխանատվություն կսահմանվի տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար:

  • Կիսվել: