Սյունիքում էկոպարեկները վնասվածք ստացած եղեգնակատու են հայտնաբերել (տեսանյութ)
Եղեգնակատուն տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի։ Նախնական գնահատմամբ՝ վնասվածքները կարող էին առաջանալ ավտոմեքենայի հարվածի հետևանքով։ Կապանի օդանավակայանի մոտակայքում վնասվածք ստացած եղեգնակատու է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը։
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության և ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների համատեղ ջանքերով կենդանին դուրս է բերվել դժվարամատչելի վայրից։
«Տեղում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, ապա կենդանին տեղափոխվել է Էկոպարեկանին ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամաս, իսկ վաղ առավոտյան Էկոպարեկային ծառայողների կողմից ապահովվել է կենդանու տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգի՝ մասնագիտական բուժօգնություն ստանալու և հետագա խնամքն անվտանգ պայմաններում ապահովելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Զննությամբ պարզվել է, որ կենդանու մոտ հայտնաբերվել է ոտքի կոտրվածք և դնչի վնասվածք, նախատեսվում է իրականացնել վիրահատություն:
Նախնական գնահատմամբ՝ վնասվածքները կարող էին առաջանալ ավտոմեքենայի հարվածի հետևանքով։



