երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
ՔԿ նախագահը տեղեկություններ ունի, որ «Սրբազան պայքարի»-ի անդամները դատարանում չեն հերքել իրենց առնչվող ձայնագրությունների իսկությունը

ՔԿ նախագահը տեղեկություններ ունի, որ «Սրբազան պայքարի»-ի անդամները դատարանում չեն հերքել իրենց առնչվող ձայնագրությունների իսկությունը

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին, թե «Սրբազան պայքար» շարժման առաջնորդներին առնչվող քրեական վարույթի շրջանակներում հրապարակված ձայնագրությունները ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։ 

 Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արթուր Պողոսյանը հայտարարել է, որ հանրությունը պետք է վստահի պետական մարմիններին՝ շեշտելով, որ պետական մարմինը չէր կարող և ընդունակ էլ չէր արհեստական բանականության միջոցով նման ձայնագրություններ ստանալ և հրապարակել։ 

«Որքանով ես եմ տեղյակ՝ դատարանում նրանք չեն էլ հերքել այս ձայնագրությունների իսկությունը»,- ասել է Արթուր Պողոսյանը։  

Անդրադառնալով շրջանառվող  քննադատություններին, թե այդ ձայնագրություններն ամբողջական չեն, մոնտաժված են՝ Քննչական կոմիտեի նախագահը պարզաբանեց, որ ձայնագրությունների ամբողջական տարբերակը քրեական վարույթի համապատասխան հատորներում է, և դատավարության մասնակիցները հնարավորություն կունենան դրանց հետ ծանոթանալու։  

«Երբ հանցավոր խմբի անդամները հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում,  և նրանց նկատմամբ դատարանի որոշման հիման վրա իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ,  դա տևել է ամիսներ։ Դուք պատկերացնում եք՝ ամիսների ընթացքում, երբ մենք գաղտնալսման արդյունքում ձեռք ենք բերում  տվյալներ, այդ խոսակցությունների որոշ մասը կարող են լինել կենցաղային բնույթի խոսակցություններ, կարող են լինել գործին չվերաբերող խոսակցություններ, կարող են լինել հայհոյախառն արտահայտություններ։ Հիմա մենք ո՞նց ենք պատկերացնում այս՝ ամիսներ տևած խոսակցությունների ամբողջական տեսքով հրապարակելը։ Բնականաբար, մենք հաղորդագրության համար ընտրել ենք այն հատվածները, իհարկե, կոնտեքստից չկտրելով, որոնք այս փուլում քրեական վարույթի համար ունեն էական նշանակություն, բայց ձայնագրությունների ամբողջական տարբերակը քրեական վարույթի համապատասխան հատորներում  է։ Այսինքն, այս առումով դատավարության մասնակիցները հնարավորություն ունենալու են ծանոթանալու ամբողջական ձայնագրություններին, այդ թվում՝ ձայնագրությունների զննություններին, որոնք նախաքննական մարմինը պատշաճ իրավական ընթացակարգերի արդյունքում ամրագրել է համապատասխան դատավարական փաստաթղթում։ 

 

  • Կիսվել: