Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի ազգականին պատկանող ընկերությունում
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը, որը հայտնի է որպես 6-րդ վարչություն, մամուլում հրապարակված տեղեկությունների հիման վրա ստուգումներ է իրականցնում «Eloyan Architects» ընկերությունում: Այս մասին PrimeNews.am-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նկատենք, որ այս ընկերությունը պատկանում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբորը՝ Զարեհ Էլոյանին:
Նշենք, որ մամուլի հրապարակումները վերաբերում է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հայտարարություններին, որոնց համաձայն փոխվարչապետ Ավետիք Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է։ Ըստ Պետրոսյանի հայտարարության, Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր՝ Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է «Eloyan Architects» նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում:
Սարհատ Պետրոսյանը հարցազրույցում պնդել էր, որ Էլոյաններին պատկանող «Eloyan Architects»-ն այժմ ներգրավված է մի շարք նախագծային աշխատանքներում՝ ֆուտբոլային համալիրի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի շենքի կառուցման:
«Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը, որը, ինչպես ներկայացվում է հարցազրույցում, պատվիրվել է 2017 վերջին։ Չնայած այս պնդումն արժանահավատ չէ, սակայն եթե կարելի է ապացուցել, որ դա պատվիրվել է մինչ նշանակումը, ապա այս նախագծի մասով կարծում եմ կկարողանանք հանգիստ լինել (ավելին՝ ներողություն խնդրել), բայց միևնույնն է՝ մնում է այն հարցը, թե ինչպե՞ս է մեր լավագույն ինտերիեր դիզայներներից Զարեհ Էլոյանը շարունակելու այս աշխատանքն առանց «փորձառու» Ավետիք Էլոյանի»,- հայտարարել էր Պետրոսյանը:
Այսօր Ավինյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր խորհրդական Էլոյանի պատրաստվում է դիմել իրավապահներին Պետրոսյանի իր հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։