Օրինական պահանջին չենթարկվելու կադրեր եմ տեսել. ՆԳ փոխնախարարը՝ Չախոյանին ձերբակալելու մասին
Ես կարծում եմ, որ ոստիկանությունը շատ արագ արձագանքել է դեպքին, երբ արդեն առերևույթ տեսանելի էին, որ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ են տեղի ունենում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը մեղադրում են, թե ինչու իրավապահ համակարգը նախապես չկանխեց այն, ինչը տեղի ունեցավ Նոր Նորքի թաղապետարանում:
Նա ընդգծեց, որ ոստիկանությունը այս հարցում չի թերացել, արձագանքը չի ուշացել:
Հարցին՝ ինչու իրավապահները որեւէ բան չձեռնարկեցին, երբ հրապարակվեց, որ թաղապետը հեռախոսով հայհոյանքներ է հնչեցնում, ու ակտիվսիտներն էլ հայոհայանքներով են պատասխանում, այդ թվում հայհոյախառն ակցիայի տեսքով, Արմեն Մկրտչյանն ասաց. «Ի՞նչ գործողություններ էիք ենթադրում, որ պետք է լինեին: Ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ նորմալ է դա: Ես գիտեմ, որ քրեական հետապնդում է հարուցված նաև թաղապետարանի աշխատակիցների, և, եթե չեմ սխալվում, նաև թաղապետի նկատմամբ»:
Անդրադառնալով նրան, որ թաղապետը ներողություն է խնդրել իր վարքի համար, արդյոք ստացվում է, որ կարելի է ծեծել, հետո ներողություն խնդրել, ՆԳ փոխնախարարը նկատեց. «Ներողություն խնդրելը մարդու իրավունքն է, և ինքը զղջացել է արարքի համար, բայց նաև քրեական վարույթ կա նախաձեռնված: Ես չգիտեմ՝ նախաքննության մարմինը ներողություն խնդրելը որպես մեղմացնող հանգամանք կդիտարկի, թե չի դիտարկի»:
Հարցին՝ ոստիկանությունը ի՞նչ սկզբունքով առաջնորդվեց, որ բերման ենթարկեց ոչ թե հարվածողներին, այլ հարվածներ ստացածներին, նա ասաց. «Ոստիկանությունն արձագանքում է իր ունեցած տեղեկատվության հիման վրա, հասնում է դեպքի վայր, գնահատում է իրավիճակը, համադրում է տեղեկությունները և որոշումները կայացնում է իր ուսումնասիրություններով ստացված գնահատականներով։
Րոպեներ հետո, ոստիկանության ծառայողները ներկա են եղել այնտեղ, սկզբում փորձել են ընդհանուր հասարակական կարգը պահպանել, հետո նաև, ամենայն հավանականությամբ, ուսումնասիրել են մյուս ձայնագրությունները, որոնք առկա են եղել և բնականաբար վարույթ է նախաձեռնվել: Այս պահի դրությամբ մենք ունենք անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված:
Չեմ կարող ասել, թե կոնկրետ քանի հոգի է տարվել ոստիկանություն, քանի հոգի է ձերբակալվել: Համենայնդեպս տեսաձայնագրության մեջ մեկ քաղաքացի կոնկրետ օրինական պահանջին չի ենթարկվել, կադրեր եմ ես ինքս տեսել: Կարծում եմ առաջնահերթ գործողությունը ձերբակալման կատարվել է այդ անձի նկատմամբ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:
Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:
Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն և անվայելուչ արտահայտություններով ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:
Միջադեպի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը խուլիգանության հոդվածքով՝ Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը՝ «ֆիզիկական ներգործության» հոդվածով՝ տեղի ունեցած ծեծի մասով, այդ թվում մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետի նկատմամբ: