հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է. ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կինի. Գալյան

Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է. ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կինի. Գալյան

Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ կքննարկենք այն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: 

«Տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է: Հայեցակարգը մեկն է, այդ հայեցակարգի շրջանակում, տարբեր նորմերի հետ կապված, կան տարբեր քննարկումներ: Երբ որոշակի լինի տեքստը, կկիսվենք ձեզ հետ»,- հայտնեց նախարարը: 

Հարցին՝ ովքե՞ր են խորհրդի կազմում, Գալյանը պատասխանեց, որ նաև ընդդիմության ներկայացուցիչներն ունեն հստակ տեղեր, սակայն չեն մասնակցում քննարկումներին: 

«Ես խնդրել եմ, որ իրենք ներկա լինեն այդ քննարկումներին: Խորհրդի կազմում կան նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Հիմա աշխատանքների իրականացման առաջնորդությունը ստանձնել է արդարադատության նախարարությունը, և, ըստ էության, մենք Սահմանադրության տեքստի մշակումն իրականացնում ենք մեր ներքին ռեսուրսի հաշվին»,- նշեց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ հայեցակարգը որևէ կերպ օգտագործվելո՞ւ է, նախարարը հայտնեց՝ դրանում տեղ գտած դրույթներն իրենց արտացոլումը որոշակիորեն ստանալու են:

Ինչ վերաբերում է, թե երբ տեղի կունենա հանրաքվեն, նշեց՝ հստակ ժամկետներ չի կարող նշել:

«Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կլինի: Չենք քննարկել ժամանակահատվածը, թե երբ է դրվելու դա հանրաքվեի: Երբ տեքստը պատրաստ լինի, մենք հայեցակարգային որոշ դրույթներ հանրության դատին կհանձնենք և շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը: Այսինքն՝ կուլիսների հետևում պահելու որևէ առիթ և հնարավորություն չկա:

Երբ ինձ հարցեր են ուղղում՝ ինչո՞ւ չեք ասում, ինչո՞ւ չեք ասում, միշտ ասում եմ՝ ասելու ենք իհարկե, որովհետև վերջնարդյունքում ժողովուրդն է քվեարկելու կողմ կամ դեմ նոր Սահմանադրության ընդունմանը: Կասվի և բավարար ժամանակահատված կտրվի, որպեսզի ժողովուրդը կարողանա ձևավորել կարծիք:

Խոսքը նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասին է և նաև՝ ընդհանուր բնակչության»,- պարզաբանեց արդարադատության նախարարը:

  • Կիսվել: