հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
ՆԳՆ քրեական ոստիկանները խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են վնասազերծել

ՆԳՆ քրեական ոստիկանները խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են վնասազերծել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ և գործողությունների փոխլրացմամբ, «Բագրևանդ» թաղամասի տարածքում ստեղծել են հանցավոր կազմակերպություն և իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր խմբի անդամների ինքնությունները, նրանց քանակն ու աշխատանքային գրաֆիկը։ Պարզվել է նաև, որ տարածքի պահպանությունն իրականացվում է տարբեր անձանց կողմից՝ նպատակ ունենալով սահմանափակել օտար անձանց մուտքը տարածք։

Ստացված տվյալների համակողմանի վերլուծության և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա Քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հունիսի 15-ին Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից իրականացվել է անակնկալ խուզարկություն։

Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ ու փաստաթղթեր, այդ թվում՝ թվային կրիչներ, ձեռագիր գրառումներ, օտարերկրյա պետությունների նույնականացման քարտեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ և օտարերկրյա հեռախոսահամարներ։

Գործողությունների ընթացքում ենթադրյալ հանցագործներից մեկը հայտնել է, որ շինություններից մեկի երկրորդ հարկում պահում է երկու հրազեն։ Նրա մատնանշած վայրում հայտնաբերվել են երկու ատրճանակ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, որոնք սահմանված կարգով առգրավվել, փաթեթավորվել և կնքվել են՝ հետագա վարույթային գործողությունների շրջանակում փորձաքննության և այլ անհրաժեշտ քննչական գործողությունների իրականացման նպատակով։

Նշված անձը ձերբակալվել է։

Ներկայումս Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունն ակտիվ համագործակցում է Եվրոպական միության անդամ պետությունների և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հետ՝ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրա իրականացման մեխանիզմների, ինչպես նաև դրանում ներգրավված անձանց վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու, դրանք վերլուծելու և նախաքննություն իրականացնող մարմնին փոխանցելու նպատակով։

https://www.youtube.com/watch?v=KN4it1ielxg&time_continue=78&source_ve_path=NzY3NTg&embeds_referring_euri=https%3A%2F%2Fwww.1lurer.am%2F
  • Կիսվել: