երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Ներդնում ենք տեսահսկողական համակարգ․ Գալյանը՝ ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին

Ներդնում ենք տեսահսկողական համակարգ․ Գալյանը՝ ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, ներկայացրեց, թե ինչ է արվում քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի հաղթահարման ուղղությամբ։

Նրա խոսքով՝ բոլոր ՔԿՀ-ների ներսում տեղադրվել են տեսախցիկներ։

«Խոսքը խցերում տեղադրված տեսախցիկների մասին չէ, այլ միջանցքներում տեղադրվածների, որպեսզի կարողանանք արգելված իրերի դեմ պայքարն ավելի ակտիվ և արդյունավետ կերպով իրականացնել։ Դրսում նորությունն այն է, որ մենք ներդնում ենք տեսահսկողական համակարգ, հրաժարվում ենք այն «վիշկա» կոչվածներից և ունենալու ենք արագ արձագանքման խմբեր, և այդ տեսախցիկները կարողանալու են ֆիքսել անձանց տեղաշարժերը ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին, նաև կարողանալու են արձագանքել ջերմային շարժումներին։

Քանի որ մեր անազատության մեջ գտնվող անձինք շատ հնարամիտ են, նրանք արգելված իրերը փորձում էին ստանալ դրոններով։ Օրինակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ամբողջությամբ այդ հիմնարկի վերնամասը ցանցապատել ենք, որպեսզի որևէ դրոն կամ տեխնիկական սարքավորում հնարավորություն չունենա մոտենալու»,– ասաց Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով՝ իրենք, կարելի է ասել, ամենօրյա պայքարի մեջ են նման արատավոր երևույթների դեմ։

«Նաև վերազինել ենք հիմնարկները։ Կապիտալ ծախսերի մի մասն էլ ուղղվել է նրան, որ ունենանք ռենտգենային և համապատասխան այլ սարքավորումներ, որպեսզի մուտք գործողների հետ արգելված իրերը չկարողանան ներթափանցել հիմնարկներ»,– տեղեկացրեց նախարարը։

Նրա խոսքով՝ հաղթահարելուն ուղղված մյուս գործոնը կապված է հանձնուքների հետ։ «Մենք միտք ունենք ապագայում հրաժարվել հանձնուքների ինստիտուտից առհասարակ և ունենալ պատշաճ որակի սննդի մատակարարման հնարավորություն»,– տեղեկացրեց նա։

  • Կիսվել: