ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Նախընտրական քարոզչության ընթացքում առերևույթ հանցագործությունների 9 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել․ «Ականատես»

Նախընտրական քարոզչության ընթացքում առերևույթ հանցագործությունների 9 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել․ «Ականատես»

Նախընտրական քարոզչության ընթացքում առերևույթ հանցագործությունների 9 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչը։

Նա նաև հավելեց, որ գրանցել են մեկ վարչական խախտման դեպք, որը ևս ներկայացրել են համապատասխան մարմիններին, եւս մեկ վարչական խախտման դեպքի մասին տվյալները դեռևս քննարկում են։

Ինչ վերաբերում է դիտորդական առաքելության կողմից առկա գնահատականներին, «Ականատես» դիտորդական առաքելությունից ասացին, որ բոլոր այն դեպքերը, որոնց վերաբերյալ մտահոգվել են, ունեն համապատասխան գնահատական-հայտարարություն գրավոր, դրանք արդեն իսկ հրապարակված են։ Դեռևս ավելի բան ասել նպատակահարմար չեն գտնում՝ հաշվի առնելով դրանց մի մասի վերաբերյալ քննության հնարավոր ընթացքին չխոչընդոտելու կարևորությունը։

Ավելի վաղ՝ «Ականատես» դիտորդական առաքելությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում որպես մտահոգիչ երեույթ հիշատակել էր քաղաքական և հանրային դիսկուրսում զարգացող ատելության խոսքի և անհանդուրժողականության խոսույթը։

Արձանագրել են Արթուր Օսիպյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավեճը և դրա հետևանքները՝ Արթուր Օսիպյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, նրան առաջադրված մեղադրանքները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ, 297-րդ և 211-րդ հոդվածներով, ինչպես նաև, որպես հետևանք, կալանավորման միջնորդությունը համարելով առերևույթ չհիմնավորված և անօրինական»։

«Ականատեսի» գնահատմամբ՝ տվյալ դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվել են ոչ պակաս կոշտ և անգամ ավելի սուր գնահատականներ ու արձագանքներ, ինչը վկայում է փոխադարձ էմոցիոնալ և քաղաքական բախման մասին։
Ընդ որում, Ն. Փաշինյանի դեպքում խիստ մտահոգիչ և անընդունելի են Արցախից բռնի տեղահանված անձանց ուղղված անպատշաճ արտահայտությունները, որոնք հերթական անգամ սրում են հանրային տրամադրությունները և խորացնում բևեռացումը։

Դիտորդական առաքելությունը անդրադարձել է նաև պաստառ պոկելու համար վարչական խախտման փոխարեն քրեական հետապնդում հարուցելու դեպքերին, որոնցից մեկը ունեցել էր ողբերգական ավարտ։

  • Կիսվել: