ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
ՄԻՊ-ը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկում

ՄԻՊ-ը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկում

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 26-ին կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկում՝ պետական իրավասու մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը և նշել, որ հանդիպումները հնարավորություն են ստեղծում բարձրաձայնելու առկա խնդիրները, համատեղ վերլուծելու դրանք և ձևավորելու արդյունավետ լուծումներ։ Անահիտ Մանասյանը կարևորել է բոլոր դերակատարների ակտիվ ու հետևողական ներգրավվածությունը՝ ոլորտում եղած խնդիրները հաղթահարելու և համակարգային փոփոխություններ ապահովելու նպատակով։

«Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց։ Չնայած պետության կողմից ձեռնարկված քայլերին` մենք պարբերաբար ստանում ենք ահազանգեր բռնության, վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, խոշտանգումների զոհերին տրամադրվող աջակցությունը, այդ գործերով իրականացվող քննությունն ամենօրյա աշխատանքի արդյունք պետք է լինի: Խոշտանգումներից զերծ հասարակություն ունենալը ոչ թե պարզապես իրավական պահանջ է, այլ քաղաքակրթական ընտրություն»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Ըստ նրա՝ ոլորտում առկա խնդիրները պետք է պատշաճ հասցեավորել և խոշտանգման գործերով իրականացնել պատշաճ քննություն` հաշվի առնելով նշված գործերի քննության առանաձնահատկությունները։ Չափազանց կարևոր է, որ մեր պետությունն ունենա խոշտանգումների զոհերի աջակցման պատշաճ կառուցակարգեր։ Այս համատեքստում ընդգծվել է խոշտանգման զոհերի փոխհատուցման և ինտեգրման իրավունքի իրացման նպատակով ընթացակարգային և մասնագիտական ծառայություններ ունենալու կարևորությունը:

Անդրադառնալով կանխարգելման գործիքակազմին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածների պահման վայրերում տեսախցիկների բավարար քանակի ապահովումը, ինչպես նաև արձագանքող անձնակազմերի շարունակական վերապատրաստումները կարող են էական դեր ունենալ կանխարգելման արդյունավետության բարձրացման գործում։

Քննարկման շրջանակում անցկացվել են նաև թեմատիկ պանելային քննարկումներ՝  նվիրված խոշտանգման զոհերի աջակցման առկա մեխանիզմներին, մահվան դեպքերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման արդյունավետությանը:

Որպես բանախոս հանդես են եկել ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, ՀՀ առողջապահության նապարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը, Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Սաշիկ Ավետիսյանը և  ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Լեռնիկ Ստեփանյանը:

Քննարկումները վարել է Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։

Միջոցառումն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։

  • Կիսվել: