«Մենք մեր պահանջը, ինչ դրել էինք՝ ստացել ենք». անհետ կորածների հարազատներին խոստացել են հանդիպել եւ իրենց հարցը լուծել
Մենք մեր պահանջը բազմիցս ձևակերպել ենք, ԱԱԾ ներկայացուցիչ Սանամյանը նորից մոտեցավ մեզ, ունեցանք քննարկում, փոխըմբռնման արդյունքում որոշեցինք գնալ կոմպրոմիսի, մենք կդադարեցնենք մեր ակցիան, երթևեկությունը կվերականգնվի Բաղրամյան պողոտայում։ Այս մասին այսօր՝ հունիսի 20–ին, լրագրողների հետ զրույցում նշեց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ Արման Կիրակոսյանը։
«Առաջիկայում մեզ խոստացվել է հանդիպում, մեր պահանջը իրագործվելու է։ Մենք ճիշտ է, մեր հայրենակիցներին թեկուզ տվել ենք նեղություն, բայց իրենք էլ պետք է սթափ հասկանան ինչի միջով ենք անցնում մենք հինգը տարի, ինչ ցավ է այս ամեն ինչը մեզ համար։ Մենք մեր պահանջը, ինչը որ դրել էինք, ստացել ենք»,–ասաց նա։
Հարցին՝ երբ է նախատեսվում անցկացնել այդ հանդիպումը, Արման Կիրակոսյանը պատասխանեց. «Կա քննարկում, բայց կարիք չեմ համարում դա բարձրաձայնել, ամեն ինչ չէ, որ պետք է հանրայնացվի՝ հաշվի առնելով, որ հարցը շատ նուրբ է, շատ բազմաշերտ է։ Ունենք պայմանավորվածություններ, երբ հանդիպում կլինի, երբ ծնողներս հստակ միաձայն որոշում կունենանք, ձեզ կտեղեկացնենք։
Շատ հաճախ մեր հարցերի բարձրաձայնումը համընկնում է երկրում զուգահեռ տեղի ունեցող իրավիճակների հետ, դա չի նշանակում, որ մենք քաղաքականացված ենք։ Այս ամեն ինչը մենք անում ենք մենակ մի պատճառով, մեզ հետաքրքիր է մեր երեխեքի վերադարձը, ոչ մի ուրիշ ակնկալիք չունենք»։