Մանասյանը ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է 2024թ. տարեկան հաղորդումն ու զեկույցը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 21-ին ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն https://shorturl.at/WHYMa ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ. տարեկան զեկույցը https://shorturl.at/MFfkT:
Պաշտպանը նշել է, որ տարեկան հաղորդման և զեկույցի համատեքստում կիրառվել են նորամուծություններ։ Օրինակ` բացի մարդու իրավունքներին վերաբերելի ավանդաբար ներկայացվող խնդիրներից, անդրադարձ է կատարվել մի շարք նոր հարցերի, որոնք մինչ այդ համակարգային առումով վերլուծված չեն եղել։ Դրանց թիվը գերազանցում է 3 տասնյակը։
«Այս տարի խոսել ենք Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման, հավաքների ազատության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի գործերի քննության, հանրային աղմուկի, տարեցների իրավունքների, պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալների բնակարանի վարձավճարների հատուցում չտրամադրելու, առերևույթ ոչ իրավաչափ եղանակով քանդման աշխատանքների կատարման և այլ ոլորտներում առկա խնդիրների մասին»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ անդրադարձել է երեխաների, կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, իրավահավասարության և հակախտրականության ոլորտին, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերին վերաբերող հարցերին, որոնք 2024 թվականի ընթացքում եղել են իր ուշադրության ներքո:
Անահիտ Մանասյանը իր ելույթի և հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված բազմաթիվ խնդիրներին` հատուկ ընդգծելով դրանց լուծման նպատակով ներկայացված առաջարկների իրացման ուղղությամբ իրավասու մարմինների հետ պատշաճ համագործակցության պատրաստակամությունը:
Պաշտպանի տարեկան հաղորդումն ու տարեկան զեկույցն ամփոփել են նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները, առկա խնդիրների մասին վերլուծությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման առնչությամբ Պաշտպանի առաջարկները:
Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդումն ու տարեկան զեկույցն Ազգային ժողով է ներկայացնում ՀՀ Սահմանադրության ու «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի հիման վրա` նկատի ունենալով ՄԻՊ հաստատությունների զեկույցների համար առկա միջազգային մեթոդաբանությունը։
Ներկայացված առաջարկների վերաբերյալ տարվա ընթացքում ՄԻՊ–ի նախաձեռնությամբ անցկացվելու են թիրախային քննարկումներ՝ իրավասու մարմինների և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ:
Նիստի տեսանյութը դիտելու համար անցեք հղումով՝ https://www.youtube.com/live/mD8zsDSsHHg?si=xQqbo_ChNHcwdeFl