ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց

Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ մեկնարկեց Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի գործով նիստը:

Մամիկոն Ասլանյանի նկատմամբ համակցված այլըտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ:

Հանրային մեղադրողը նշեց, որ խափանման միջոցը փոփոխելու հիմքեր այս փուլում առկա չեն:

Պաշտպան Վահե Միսակյանն ասաց, որ պետք է վերացնել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Մամիկոն Ասլանյանը ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

Բացի այդ, պաշտպանը միջնորդեց նաև, որ հնարավորություն տրվի դատական նիստերն անցկացնել Մամիկոն Ասլանյանի բացակայությամբ՝ հատկապես ԱԺ նիստերի ժամանակ:

Ըստ հանրային մեղադրողի, պաշտպանության կողմը հստակ փաստարկներ չի ներկայացրել, այլ միայն ենթադրություններ են, որ հնարավոր է ստեղծվի իրավիճակ, որ Մամիկոն Ասլանյանը աշխատանքի բերումով պետք է գործուղվի: Նա առարկություն ներկայացրեց բացակայելու արգելքը վերացնելու միջնորդությանը:

Դատավոր Սարգիս Պետրոսյանը որոշեց Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգել խափանման միջոցը վերացնել: Գրավ խափանման միջոցը մնաց անփոփոխ:

  • Կիսվել: