երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Իրավական ակտերի նախագծերի առնչությամբ Պաշտպանի նկատառումների 70 տոկոսն իրավասու մարմիններն ընդունել են. վերլուծություն

Իրավական ակտերի նախագծերի առնչությամբ Պաշտպանի նկատառումների 70 տոկոսն իրավասու մարմիններն ընդունել են. վերլուծություն

Մարդու իրավունքների պաշտպանին 2024 թվականի ընթացքում ուղարկվել է մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող 173 նորմատիվ իրավական ակտերի նախագծային փաթեթ։ Դրանց վերաբերյալ Պաշտպանի կողմից, հաշվի առնելով միջազգային չափանիշներն ու իրավակիրառ պրակտիկան, ներկայացվել է 226 նկատառում՝ ներառելով նախագծային խնդրահարույց կարգավորումների առնչությամբ ոչ միայն քննադատություն, այլ նաև դրանց փոփոխմանն ուղղված կոնկրետ առաջարկներ։

ՄԻՊ–ից հայտնում են, որ ՄԻՊ աշխատակազմի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024 թվականի ընթացքում Պաշտպանին կարծիքի ներկայացված ու նախարարական կոմիտեների և Կառավարության նիստերի օրակարգերում ընդգրկված նախագծային փաթեթների առնչությամբ Պաշտպանի նկատառումների գրեթե 70 տոկոսն ընդունվել է իրավասու մարմինների կողմից, դրանց հիման վրա նախագծերում կատարվել են համապատասխան փոփոխություններ։

Տարվա ընթացքում Պաշտպանը նկատառումներ է ներկայացրել մի շարք կարևոր նախագծերի վերաբերյալ, որոնք նաև հանրային լայն քննարկումների առարկա են դարձել, այդ թվում՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման և պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթին, հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման կարգին, փաստաբանական ծառայությունների համար հարկային բեռի ավելացմանը, ինչպես նաև տեղեկության ազատությանը, անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերելի օրենքների և այլ իրավական ակտերի փոփոխությունների նախագծերի առնչությամբ։

Պաշտպանը բարձր է գնահատում այն փաստը, որ չնայած ՄԻՊ կողմից ներկայացվող նկատառումների հիմնական մասը քննադատական են, պետական մարմինները դեպքերի հիմնական մասում հաշվի են առնում դրանք, նախագծերում կատարում համապատասխան փոփոխություններ։

Այդ հանգամանքը նպաստում է ոչ միայն օրենսդրության որակի բարձրացմանը, այլև մարդու իրավունքների առավել արդյունավետ իրացմանը և պաշտպանությանը։

Չնայած վերը շարադրվածին` առկա են մի քանի նախագծերի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային նկատառումներ, որոնց հիման վրա իրավական ակտերի նախագծերում փոփոխություններ չեն կատարվել: Թեև Պաշտպանը նշված իրավիճակներում օգտագործում է նաև այլ գործիքակազմեր, օրինակ` Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելը և այլն, սակայն կարևոր է, որպեսզի խնդիրները ամբողջական լուծում ստանան հենց սկզբնական փուլում` նախագծային կարգավորումները փոփոխելու միջոցով:

ՄԻՊ դիմումի հիման վրա, օրինակ` Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքի` իրավունքների տեսանկյունից խնդիրների հանգեցնող կարգավորումներից մեկը:

Հարկ է նաև նշել, որ բացառիկ են դեպքերը, երբ մարդու իրավունքներին առնչվող առանձին նախագծեր չեն ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի: Չնայած խնդիրը լուծվել է պետական իրավասու մարմինների հետ հաղորդակցության արդյունքում, Պաշտպանը կարևորում է, որպեսզի նման առանձին դեպքերը ևս բացառված լինեն:

  • Կիսվել: