շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հրայր Թովմասյանի սանիկը կալանքից ազատ է արձակվել

Հրայր Թովմասյանի սանիկը կալանքից ազատ է արձակվել

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ կալանավորումից ազատ է արձակել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին, տեղեկացնում է Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նրա ներկայացմամբ, դատարանի որոշման հիմքում եղել է Փանոսյանին կալանավորելու համար հիմնավոր կասկածի բացակայությունը:

Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանաի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես, պարզվել է, որ Նորայր Փանոսյանը 2011-2014թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական, տնօրինչական, կարգադրիչ ու վերահսկողական լիազորություններով, դեռևս չպարզված, նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ միասին, շահադիտական նպատակներով, ինչպես նաև անձնական այլ շահագրգրվածությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին՝ տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել են վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցել իրենց միջոցներով վերանորոգված և իրենց կողմից զբաղեցված՝ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 604-Ն որոշմամբ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքների նկատմամբ՝ նպատակ ունենալով ինքնուրույն ձեռք բերել այդ անշարժ գույքերը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության, Երևան համայնքի, ինչպես նաև նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

  • Կիսվել: