Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում․ գլխավոր դատախազ
Հոկտեմբերի 27-ի քրեական գործի քննությունը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում և իրականացվում է պատշաճ դատախազական հսկողության ներքո։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության վերաբերյալ ԱԺ-ում ունեցած իր ելույթում Աննա Վարդապետյանը նշեց, որ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդման մեջ չի ներառվել՝ հաշվի առնելով նախաքննության շահերը։
«Դա արված չէ որպես բացթողում, դա արված է հենց քննության շահերից ելնելով»,-ասաց գլխավոր դատախազը՝ շեշտելով, որ այս փուլում որևէ բովանդակային հարցի չի պատասխանելու՝ քննչական գործողություններին չվնասելու նպատակով։
Նրա խոսքով՝ կիսատ տեղեկատվության հրապարակումը կարող է վտանգել քննության արդյունավետությունը՝ ստեղծելով պայմաններ, երբ գործով անցնող անձինք կփորձեն խուսափել հետապնդումից։
«Հրապարակված կիսատ տեղեկատվությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ հնարավոր զարգացում կարող է գործն ունենալ, և անձինք ուղղակի անհայտանում են Հայաստանի Հանրապետությունից։ Մենք չենք կարողանում նրանց նկատմամբ հետապնդում իրականացնել, դրա համար նմանատիպ քննարկումները վնասում են», -նշեց Վարդապետյանը։