ՀՀ իրավապահները հերքում են թմրաշրջանառության մեջ դեռահասների մեծ մասնակցության մասին լուրերը
ՀՀ իրավապահները հերքում են թմրամիջոցների շրջանառության մեջ անչափահասների մեծ մասնակցության մասին լուրերը։
Ինչպես մայիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ Էդգար Պետրոսյանը, 2024 թվականին հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության 3639 դեպք, ինչը 1400-ով պակաս է, քան 2023 թվականին։ Դրանցից 1910-ը բաժին է ընկնում իրացմանը, ինչը 892-ով պակաս է, քան 2023 թվականին։
2024 թվականին պատասխանատվության է ենթարկվել 1228 քաղաքացի, որոնցից 7-ը՝ անչափահաս։ Սա վկայում է այն մասին, որ թմրամիջոցների շրջանառության մեջ դեռահասների զանգվածային մասնակցության մասին լուրերը խիստ ուռճացված են, նշել է Պետրոսյանը։ Պատասխանատվության են ենթարկվել 40 կին, 62 օտարերկրացի։ Ընդհանուր թվի 45 տոկոսը կազմում են միջին տարիքի անձինք։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականին իրավապահները առգրավել են 426 կգ թմրամիջոց։
2025 թվականի առաջին եռամսյակում հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության 982 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1130։ Առաջին եռամսյակում առգրավվել է 173 կգ թմրամիջոց, ինչը բազմակի անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
Կանխարգելման նպատակով իրավապահները ծնողներին կոչ են անում հետևել երեխաների ֆինանսներին, քանի որ շատ դեռահասներ ներգրավվում են թմրամիջոցների շրջանառության մեջ՝ գումար վաստակելու նպատակով։