Գլխավոր դատախազն ընդունել է Չեխիայի դատախազության պատվիրակությանը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության դատախազության պատվիրակությանը՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախկին նախագահ, ԵԽ փորձագետ Յանա Զեզուլովայի գլխավորությամբ։
Չեխիայի պատվիրակությունը նույնպես Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Չեխ գործընկերները կմասնակցեն նաև հուլիսի 1-ին կայանալիք միջազգային համաժողովին։
Աննա Վարդապետյանը ողջունել է չեխ գործընկերներին, ընդգծել Յանա Զեզուլովայի ներդրումը Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի ստեղծման աշխատանքներում և նշել, որ Հայաստանը կարևորում է գործընկեր երկրների հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը՝ միտված երկու երկրների ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը, տնտեսական, մշակութային, պատմական և իրավական կապերի զարգացմանը:
Դատախազը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև գործող փոխըմբռնման հուշագրի համատեքստում Հայաստանը Չեխիայի հետ արդյունավետ աշխատում է նաև Եվրաջասթի շրջանակներում:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի իրավասու մարմիններին համագործակցության համար և առաջարկել գործընկերներին շարունակել աշխատանքները Հայաստանից ապօրինի եղանակով դուրս բերված դրամական միջոցներով Չեխիայում ձեռք բերված գույքերի արգելադրման և հետագա տնօրինման ուղղությամբ:
Չեխ գործընկերները, ի թիվս այլնի, հետաքրքրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ Հայաստանում գործող օրենսդրական կարգավորումներով և ինստիտուցիոնալ մոտեցումներով: