Երեխաների նկատմամբ բռնությունն այնպիսի ծավալներ է ստացել, որ ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է ունեցել. ՀՀ օմբուդսմեն
Կուզենայի հատուկ անդրադառնալ երեխաների նկատմամբ բռնության խնդրին, որովհետև վերջին ժամանակահատվածում սա այնպիսի ծավալներ է ստացել, որ մենք նույնիսկ երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման գործիքակազմերի հետ կապված արտահերթ հրապարակային զեկույց ենք ունեցել այս տարի: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին ՄԻՊ-ի՝ 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս ասաց ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը:
«Շատ կարևորում եմ, որ լուրջ կատարելագործման ենթարկվեն թե՛ ուսումնական հաստատություններում ընդհանրապես երեխաների նկատմամբ բռնության դեպքերը ճանաչելու, կանխարգելելու և արձագանքելու մեխանիզմները, ինչը դարձյալ, ցավոք սրտի, նշեմ, թեև փաստաթղթային առումով առաջընթաց էր, որ ընդունեցինք համապատասխան ուղեցույց պետական մարմինների կողմից, բայց միևնույն է, այս խնդիրը շարունակաբար մնում է որպես հիմնական խնդիր»,- ասաց նա:
Ըստ ՀՀ օմբուդսմենի՝ եթե գրավոր պարզաբանումներ ներկայացվեն, ապա ենթադրվում է, որ ուղեցույցներ ունենալով կամ վերապատրաստումներ անցկացնելով՝ խնդիրը լուծվել է, բայց Անահիտ Մանասյանի զրույցները և մշտադիտարկումները ցույց են տալիս, որ խնդիրը լուծված չէ, և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, արձագանքման ու հասցեավորման մեխանիզմների առնչությամբ ուսումնական հաստատություններում պետք է լինեն պատշաճ գիտելիքներ և հասցեավորման պատշաճ մեխանիզմներ: