ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը
Մայիսի 12-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։
Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով համագործակցությունը ընդլայնելու առումով։
Հանդիպման ընթացքում կողմերը առարկայական քննարկել են ոստիկանական համակարգում, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին։ Այս համատեքստում դեսպան Սոֆիանոպուլոսը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության առավել ամրապնդմանը վերաբերող այլ հարցեր՝ նախանշելով հետագա քայլերը։