ԲԴԽ անդամի թեկնածուն առաջարկում է դատական ակտերը նախապատրաստելու համար ներգրավել արհեսատական բանականություն
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աշոտ Հայրապետյանը ԲԴԽ-ի գործառույթների իրականացման, արդարադատության արդյունավետության բարձրացման և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահոթյան ամրապնդման համար Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ որոշ քայլեր առաջարկեց, որոնցից մեկն առնչվում է էլեկտրոնային արարադատության զարգացմանը:
«Շատ դեպքերում դատավորները չեն հասցնում դատական ակտերը ներկայացնել կողմերին՝ պատճառաբանելով զբաղվածությամբ: Կարծում եմ, որ կարելի է ներգրավել արհեստական բանականություն դատական ակտերը նախապատրաստելու հարցում [այնպես], ինչպես տարբեր երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում, իրականացվում է:
Այս դեպքում դատավորը հնարավորություն կունենա իր ժամանակն արդյունավետ օգտագործելու՝ չնայած վերջնական որոշումը, բնականաբար, վերապահված է դատավորին: Նա արհեստական բանականության կողմից առաջարկված նախագիծը կա՛մ հիմնավորված ձևով ընդունում է, կա՛մ պատճառաբանված մերժում է»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքիր համարեց թեկնածուի մոտեցումները՝ նորագույն տեխնոլոգիաները կիրառելու դատական պրակտիկայում, բայց միաժամանակ խնդրեց զգույշ լինել այդ հարցում:
«Արդեն արձանագրվել են դեպքեր հենց արհեսատական բանականությամբ, երբ վճիռն ամբողջությամբ տրվել է ԱԲ-ի կողմից, և դատավորը նույնիսկ չի էլ կարդացել: Հետագայում պարզվել է, որ միայն ստորագրություն է դրել»,- ասաց նա: